«Երթուղայինում մի կնոջ զանգեցին, մի քիչ բարձր պատասխանում էր…» մերօրյա հուզիչ պատմություն

Դժվարին ժամանակներ ենք ապրում: Նյարդային գերլարված հուզումների ժամանակներ են: Բազմաթիվ են հուզիչ պատմություններն այս օրերում: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը երթուղայինում ականատես է եղել հուզիչ մի դրվագի, որն էլ պատմել է իր սոցհարթակում:

«Երթուղայինում մի կնոջ զանգեցին, մի քիչ բարձր պատասխանում էր: Ոնց հասկացանք, նոր գործ էր ճարել, արցախցի ընտանիքների տանը պիտի մաքրություն աներ, օրը` 5000 դրամ:

Մինչև մտքումս կուրախանայի, որ մարդը գործ է գտել, ընտանիքը սոված չի մնա, մի ուրիշ կին ուղղակի էդ կնոջը ցցի հանեց, թե` հասարակական տրանսպորտում էս ի՞նչ ես քննարկում, քո զահլեն չունենք, գնա արդուկ ես անում, հավաքարարություն ես անում` արա, մեզ ի՞նչ, որ մասնակից ես դարձնում:

Պոռթկաց ուղղակի, հետո սկսեց լաց լինել: Ասաց` երկու տղաս ռազմաճակատում են, ես էլ ռազմական բժիշկ եմ, չեմ դիմանում, շատ բան եմ տեսնում: Էս մաքրուհի կինը ձեռքը դրեց նրա ուսին ու դուխ տվեց իրեն կշտամբողին.

«Քուրս, Աստված պահի բալեքիդ, ողջ-առողջ հետ գան, ցավդ տանեմ, ինձ կներես»: Էնքան հուզիչ էր երկու կնոջ` երկու մայրերի խոսակցությունը, կարեկցանքը, հոգատարությունը: Էս լարվածության մեջ կնոջ նյարդային պահվածքն էնքան հասկանալի էր:

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ձեզ, սիրելի՛ մայրեր, խոնարհվում եմ, ոչինչ, գոռացեք, կուզեք` կշտամբեք, կուզեք` պահի տակ նեղացրեք… Ձեզ հիմա ամեն ինչ թույլատրվում է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: