Հերոսը կատարեց մարտական առաջադրանքը՝ համոզված լինելով, որ կենդանի մնալու հնարավորությունը շատ փոքր է

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից օդաչու  Ցոլակ Խաչատրյանը իրականացրել է հատուկ մարտական առաջադրանքներ, ռազմի դաշտից տեղափոխել վիրավոր զինծառայողների: Անմահացել է պատերազմի 20-րդ օրը՝ հերթական առաջադրանքը կատարելու ժամանակ: Թռիչքից առաջ գիտեր՝ ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է:

Դեռևս մանուկ հասակից  նրա՝ օդաչու դառնալու երազանքը կատարվել էր և մանկության փայփայած երազանքը այդ օրը մարեց հայրենիքի երկնքում՝ հայրենիքի համար:

Արցախյան պատերազմում զոհված օդաչու Ցոլակ Խաչատրյանի՝ եղբայրը Դավիթը պատմում է, Ցոլակը հոգատար, օգնող, բարի, համբերատար, հավասարակշռված, խելացի.

«Իմ ողջ գիտակից կյանքում ցանկացել եմ եղբորս նման լինել…նա ամեն տեղ էր իդեալական՝ և՛ աշխատանքի մեջ, և՛ ընտանիքում:Կնոջ հետ շատ համերաշխ էին, կատարյալ ընտանիք էին: Ցոլակն ապրում էր իր երեխաների համար, ցանկացած օր իր ընտանիքի համար տոն էր դառնում:

Եղբայրս մեզ նախապատրաստում էր այս օրվան՝ շատ լավ իմանալով, որ այս օրը պիտի գա,-ասում է Ցոլակ Խաչատրյանի եղբայրը և հավելում,-միշտ ասում էր, որ ինքը հերոսի մահով է մեռնելու, ասում էր՝ հնարավոր է ես պարզապես պետք է ապրեմ ու մի օր ուղղակի չլինեմ»:

Հերոսի եղբայր լինելը մի կողմից մեծ հպարտություն է, մյուս կողմից խորը ցավ է՝ գիտակցելը, որ եղբայրս չկա. «Շատ դժվար է, որ իրեն չեմ պատմելու որոշումներիս մասին, իր խորհուրդները չեմ լսելու, բայց որ եղբայրս հերոս է, դրանով ամեն ինչ ասված է»,-ասում է Ցոլակ Խաչատրյանի եղբայրը:

Ցոլակ Խաչատրյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում: Ավարտել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը:  Ամուսնացած էր, ունի 2 երեխա:

Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

Понравилась статья? Поделиться с друзьями: