Առաջին միլիոնատեր կինը, ով ծնվեց աղքատ ընտանիքում և 51 տարեկան հասակում դարձավ մեծահարուստ

Սառա Բրիդլավը, ով հայտնի է Մադամ Սի Ջեյ Ուոքեր անունով, ամերիկյան երազանքի մարմնացումն է: Նախկին ստրուկների դուստրը, ով քրտնաջան աշխատանքի և ջանասիրության շնորհիվ մտավ Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես առաջին կին միլիոնատեր, ամեն ինչի հասել է ինքնուրույն: Նա զրոյից բիզնես ստեղծեց և մի քանի հազար աֆրոամերիկացի կանանց ապահովեց բարձր վարձատրվող աշխատանքով:

Սառա Բրիդլավը ծնվել է 1867 թվականին ԱՄՆ Լուիզիանա նահանգում:

Սառայի ծնողները, ավագ եղբայրները և քույրերը ստրուկներ էին և աշխատում էին բամբակի տնկարկներից մեկում: Սառան, սակայն,  ծնվել է ազատ,  7 տարեկան հասակում որբացել:

Ծնողների մահից հետո  տեղափոխվել  է քրոջ՝ Լուվենիայի և նրա ամուսնու՝ Ուիլի Փաուելի մոտ: Սառան վաղ տարիքից սկսել է աշխատել որպես տնային տնտեսուհի և ժամանակ չուներ սովորելու համար:  Նա իր հուշերում ասում է, որ ինքը պաշտոնապես սովորել է ընդամենը 3 ամիս, երբ փոքր հասակում հաճախել է կիրակնօրյա դպրոց:

14 տարեկանում Սառան ամուսնանում է Մոզես ՄաքՎիլյամսի հետ: Նա չգնաց այդ քայլին, որովհետև շատ սիրահարված էր, այլ ամուսնությունը միջոց էր իր անվտանգությունն ապահովելու համար, քանի որ քրոջ ամուսինը հայտնի էր իր դաժանությամբ:

Ամուսնությունից չորս տարի անց Մոզեսն ու Սառան դուստր ունեցան ՝ Ա’Լելիան: Երեխայի ծնունդից 2 տարի անց Սառայի ամուսինը մահացավ: Այսպիսով, 20-ամյա Սառան մնաց միայնակ ՝ փոքրիկ երեխան գրկում:

1888 թվականին Սառան տեղափոխվեց Սենթ-Լուիս: Այնտեղ էին ապրում նրա եղբայրները, ովքեր վարսավիր էին աշխատում: Նա աշխատում էր լվացքատանը, ինչպես նաև զբաղվում էր խոհարարությամբ ՝ վճարելու համար դստեր՝  դպրոցում կրթություն ստանալու գումարը: Սառան օրական ստանում էր 1,5 դոլար:

Ինչպես լվացքատան բոլոր աշխատակիցները, Սառան նույնպես ենթարկվում էր ուժեղ քիմիական նյութերի ազդեցությանը, հակասանիտարական պայմանների հետևանքով, գրեթե, ճաղատացել էր: Նա իր վարսահարդար եղբայրներից իմանում էր միջոցներ մազերի խնամքի մասին: Սառան ավելի ուշ ծանոթացավ մազերի Աննա  Մալոնեի մազերի խնամքի միջոցներին և դարձավ Malone- ի վաճառքի գործակալ՝ լրջորեն հետաքրքրվելով մազերի խնամքի միջոցներով:

Շարունակելով աշխատել Malone-ում՝ 37-ամյա Սառան դստեր հետ տեղափոխվեց Դենվեր և սկսեց մտածել աֆրոամերիկացի կանանց համար իր սեփական արտադրանքը ստեղծելու մասին: Սառայի բազմաթիվ փորձերն այդ ոլորտում հաջողություն ունեցան: Այսպիսով, Սառան զուգահեռ սկսեց ստեղծել  իր բիզնեսը:

1906 թ.-ին Սառան ամուսնացավ Չարլզ Ջոզեֆ Ուոքերի հետ և հայտնի դարձավ նրա անունով: Ամուսինը դարձավ նրա բիզնես գործընկերը: Նա աշխատում էր գովազդի ոլորտում, ուստի կնոջը տվեց վաճառքում  առաջխաղացման վերաբերյալ արժեքավոր խորհուրդներ: Սառան շրջում էր դռնից դուռ ՝ վաճառելով իր արտադրանքը , աֆրո-ամերիկացի կանանց սովորեցնում էր տիրապետել մազերի խնամքի նուրբ արվեստին:

Նույն թվականին Սառան որոշեց ընդլայնել բիզնեսը. նա և իր ամուսինը ուղևորվեցին հարավային և արևելյան նահանգներ: Այն ժամանակ Ա’Լելիան արդեն չափահաս էր և ավարտել էր ուսումը: Նա  օգնում էր մորը կառավարել բոլոր փոստային պատվերները Դենվերում:

2 տարի անց Սառան ընտանիքի հետ տեղափոխվեց Պիտսբուրգ: Այնտեղ նրանք բացեցին գեղեցկության սրահ և քոլեջ, որտեղ պատրաստում էին մասնագետների, ովքեր գիտեին ամեն ինչ մազերի խնամքի մասին և կարողանում էին կոսմետիկա վաճառել:

1910 թվականին Մադամ Սի Ջեյ Ուոքերը մեկնում է Ինդիանապոլիս, որտեղ ստեղծում է Madam C. J. Walker արտադրական ընկերության կենտրոնակայանը: Նա կառուցեց լաբորատորիա, վարսավիրանոց և գեղեցկության դպրոց ունեցող գործարան, որտեղ պատրաստում էր իր վաճառքի գործակալներին: Մինչև 1917 թվականը, Madam C. J. Walker-ը գրեթե 20,000 կանաց ապահովում էր բարձր վարձատրվող աշխատանքով: Նրա գործակալները օրական ստանում էին 5-ից 15 դոլար:

Սառան ցանկանում էր, որ աֆրոամերիկացի կանայք ձգտեին ֆինանսական անկախության, ուստի խրախուսում էր կանանց լինել ձեռներեց, նրանց սովորեցնում էր բյուջե կազմել և բիզնես վարել:

Ինչքան Մադամ Սի Ջեյ Ուոքերը հարստանում էր, այնքան ավելի շատ ժամանակ էր տրամադրում բարեգործությանը և քաղաքական խնդիրներին: Սառան դասախոսում էր, պայքարում սոցիալական անարդարության դեմ, գումար նվիրաբերում կրթաթոշակային ֆոնդերին: Մահվանից առաջ գրեթե 100 հազար դոլար է կտակել մանկատներին և սոցիալական տարբեր հաստատություններին: Բացի այդ՝ իր կամքի համաձայն, իր արտադրության ապագա շահույթի 2/3-ը պետք է ուղղվեր բարեգործությանը:

Մադամը մահացավ 51 տարեկան հասակում: Նա համարվում էր ամենահարուստ աֆրոամերիկուհին: Մահվան պահին Ուոքերի ժառանգությունը գնահատվում էր 500 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար: Մահախոսն ասել է, որ իր մահից 2 տարի առաջ Սառան դեռ միլիոնատեր չէր, բայց հույս ուներ, որ մի օր անպայման կդառնա:

Սառան մինչև հիմա էլ վառ օրինակ է բոլոր կանանց համար: Մադամը չէր բողոքում կյանքից, այլ ամենադժվար պայմաններում առաջ էր ընթանում և օգնում նաև շրջապատող մարդկանց:

Понравилась статья? Поделиться с друзьями: