Արցախյան հերոսամարտը, որ ձգվում է տարիներ, մեզնից տարել է մեր լավագույն տղաներին, հասարակության սերուցքին, ովքեր կարող էին շատ ավելի լավը դարձնել երկիրն ու հայկական միջավայրը:
Արցախյան վերջին պատերազմը կորուստների առումով ամենից աննախադեպն ու ցավոտն էր: Մարդկային այն ահռելի կորուստները, որ ունեցանք անցած երկու ամիսների ընթացքում անամոք ցավ են մեզ համար: Այդ մեծ ցավը մխիթարել կարող են միայն նոր ծնունդները, նոր սերունդը:
Ուրախալի է, երբ տեղեկանում ենք անմահացած մեր հերոսների ընտանիքներում լույս աշխարհ եկող նոր ծնունդների մասին: Այսօր նմանօրինակ ուրախալի դեպք է եղել Հովակիմյանների ընտանիքում:
Անմահացած հերոս, փոխգնդապետ Արա Հովակիմյանի կինը բալիկ է լույս աշխարհ բերել: Հայրենի հողի համար կյանքն առանց վարանելու նվիրաբերած հերոսի տանը աղջիկ բալիկ է ծնվել:
Հերոս Արա Հովակիմյանի դստրիկը մեծանալու է՝ հոր անուրանալի սխրանքից առաջացած հպարտությունը սրտում: Նրանցով է ապրելու ապագայի Հայաստանը, որի համար իրենց կյանքն են տվել նրանց ծնողները: