Լեհաստանում ավարտվել են «Մայրիկը դիմանկարից» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները

Լեհաստանում ավարտվել են «Մայրիկը դիմանկարից» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները

Լեհ ռեժիսոր Բարբարա Բիելեցկան կարիերայի ընթացքում շատ ֆիլմեր է նկարել, սակայն այս մեկն առանձնահատուկ է: Ռեժիսոր Բիելեցկան արմատներով հայ է, նա հանրահայտ օպերային երգչուհի Եվա Մոհդեսյանի ծոռնուհին է։

Փաստավավերագրական ֆիլմը Եվա Մոհդեսյանի կյանքի պատմությունն է, նրա անցած ուղին, կյանքում կրած բազում դժվարությունները։

«Մեծ հայուհու մասին ֆիլմ նկարելու հնարավորությունն արվեստագետիս համար մարտահրավեր է։ Անդրադարձն անցյալին ինձ համար արմատներս գտնելու, ճանաչելու, հպարտանալու առիթ է»,-ասում է ռեժիսոր Բիելեցկան։

Հոկտեմբերյան հեղափոխության սկզբում մեծ դժվարություններ էր սպասվում Եվա և Անտոնի ամուսնական զույգին։ Հրաշքով փրկվելով՝ նրանք փախչում են Լեհաստան։ Չնայած մեծ դժվարություններին, Եվա Մոհդեսյանը 1930-ականներին Սասնովիեց քաղաքում հիմնում է արվեստի,երաժշտության տունը։ Դպրոցը շատ կարճ ժամանակահատվածում մեծ համբավ է ձեռք բերում։


Երաժշտության, արվեստի դպրոցը պատրաստում էր օպերային երգիչների, որոնք պատերազմից հետո արդեն մեծ ճանաչում ունեին։
«Սա ֆիլմ է հզոր և ուժեղ հայ կնոջ մասին, ով մեծ ներդրում ունի լեհական մշակութային կյանքում»,-ասաց ռեժիսորը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է տարեվերջին։

Понравилась статья? Поделиться с друзьями: