Կարկանդակ(պիրոգ)՝ ռուսական ազգային խոհանոցի համեղ ուտեստ։ Այն համարվում է ռուսական ընտանիքի լիության, ընտանեկան միասնության խորհրդանիշ։ Ի տարբերություն կարկանդակների մյուս տեսակների՝ պիրոգը բավականին մեծ է։ Այն կարելի է ուտել մի քանի հոգով։
Լինում է և՛ քաղցր, և՛ աղով պատրաստված։Ռուսական այս համեղ ուտեստը հայտնի է իր բազմազան տեսականիով։ Այն հատուկ դասական բաղադրատոմս չունի։ Այս խմորային ուտեստը պատրաստում են և՛ շերտավոր խմորով, և՛ խմորիչով հասունացրած խմորով, ինչպես նաև կարելի է օգտագործել բիսկվիթային խմոր։
Միջուկը նույնպես բազմազան է՝ մսային, մրգային, ձկնային, բանջարեղենային և այլն։ Այն բազմազան է նաև իր չափերով՝ հսկայական չափերից մինչև անգամ ձեռքի ափի չափ։ Այսօր ներկայացնելու ենք ռուսական պիրոգի հետաքրքիր բաղադրատոմս, որը կարելի վայելել ընտանեկան ջերմ մթնոլորտում մեկ բաժակ թեյի հետ։
Մթերքներ
Ալյուր — 250 գ
Շաքարավազ — 100 գ
Ձու — 1 հատ
Կարագ — 60 գ
Փխրեցուցիչ — 8 գ
Ջեմ — 120 գ
Ձուն և շաքարավազը միախառնեք, ավելացրեք փափկեցրած կարագը։ Այս բոլոր բաղադրամասերը լավ խառնել։ Ալյուրի հետ խառնած փխրեցուցիչը ավելացնել ստացված զանգվածին։ Պետք է ստանաք էլաստիկ, փափուկ խմոր։Խմորը դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և 20 րոպեով տեղափոխեք սառնարան։
Սառած խմորը բաժանեք երկու անհավասար մասերի՝ մեծ և փոքր։ Մեծ մասը գրտնակի օգնությամբ բացեք և տեղադրեք այն տարրայի մեջ, որով նախատեսել եք մատուցել։ Վրան հավասարաչափ քսեք ձեր նախընտրած որևիցե ջեմ։ Ապա խմորի փոքր մասը գրտնակով բացեք, ստացեք բարակ շերտ և կտրատեք՝ վերածելով զոլերի։ Զոլերը ջեմի վրա դասավորեք այնպես, ինչպես ներկայացված է նկարում։
180 աստիճան տաքացված ջեռոցում թխեք 25-30 րոպե։ Կարող եք վայելել սուրճի, թեյի կամ կաթի հետ։