Գաթայի հայրենիքը Հայաստանն է։ Պատմությունը գալիս է դարերի խորքից։ Գաթայի վերաբերյալ հիշատակումներ կան Վարդան Այգեկցու առակներում՝ «Խոզը և գաթան»։ Հին ժամանակներում գաթա թխելիս մեջն անպայման մետաղադրամ էին դնում։ Ում բաժին կընկեր այն՝ նրան բախտավորություն էր սպասվոմ։ Կար նաև մի սովորություն, ըստ որի՝ գաթան կտրատում էին տան ամենափոքրի մեջքի վրա։
Այն թխում էին թոնրի մեջ։ Այդ սովորույթը Հայաստանի որոշ տարածաշրջաններում ցայսօր պահպանվել է, օրինակ՝ Գառնիում։ Հայ կանայք գաթայի միջոցով իրենց ընտանիքի անդամներին էին փոխանցում իրենց սրտի ողջ ջերմությունն ու սերը և կամենում , որպեսզի այն նրանց ուղեկցի ողջ տարի։ Այսօր ներկայացնում ենք գաթայի բազմազան բաղադրատոմսերից մեկը։ Պատրաստեք և վայելեք այս օրերին ողջ ընտանիքով։
Մթերքներ՝
Ալյուր — 2 բաժակ
Կարագ — 200 գ
Ձու — 1 հատ
Մածուն — 1\2 բաժակ
Սոդա — 1\2 ճ\գ
Աղ — 1 պտղունց
Խորիզի համար՝
Ալյուր — 1\2 բաժակ
Շաքարավազ — 1\2 բաժակ
Կարագ — 50 գ
Վանիլ — 10 գ
Սառը կարագը ալյուրի հետ խառնել, ավելացնել ձուն, աղը և սոդան մածունի հետ միախառնած։ Խմորը հունցել ոչ երկար, որպեսզի կարագը չհալվի։ Բաժանել երկու մասի և մեկ ժամով դնել սառնարանում։ Այդ ընթացքում պատրաստել խորիզը․ խորիզի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել։ Այնքան խառնել, որ համասեռ դառնա։
Սառնարանից դուրս բերել խմորը, գրտնակի օգնությամբ ստանալ ուղղանկյուն, լցնել խորիզը վրան , փաթաթել, վրան ձու քսել և կտրատել ոչ մեծ կտորներով։ Թխել նախապես տաքացված ջեռոցում 200-220 աստիճանում 25 ր։