Վրացական խոհանոցն անհավանականորեն համեղ է։ Այս երկրի խոհանոցում ուտեստներն այնքան բազմազան են, որ դժվար թե գտնվի անտարբեր մեկը։ Վրացական ազգային խոհանոցը բաժանվում է երկու հատվածի՝ արևմտյան և արևելյան։ Առաջինը պատմականորեն ձևավորվել է Թուրքիայի ազդեցության տակ։
Այս տարածքի ուտեստները ներառում են հիմնականում թռչնամիս, իսկ հացի փոխարեն օգտագործում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացիկներ՝ մճադի, որը հրաշալի համադրվում է ազգային պանրի տեսակի հետ՝ սուլուգունի։ Արևելյան մասը ձևավորվել է իրանական ազդեցության տակ։ Այստեղ պատրաստում են տավարի, գառան մսից կերակուրներ, իսկ հացն այստեղ ցորենի ալյուրից է։ Այսօր առաջարկում ենք պատրաստել վրացական անհավանական համեղ ճաշ՝ Լոբիո։
Անհրաժեշտ մթերքներ՝
Հատիկ լոբի – 1 բաժակ
Սոխ – 300 գ
Սխտոր – 2 պճեղ
Ընկույզ — 50 գ
Տոմատի մածուկ – 1 ճ\գ
Համեմ
Բուսայուղ
Աղ, համեմունքներ (խմելի-սունելի, սև և կարմիր պղպեղներ)
Նախապես լոբին թրջել 6-7 ժամով, այնուհետև եփել, որից հետո ջուրը թափել՝ թողնելով այնտեղ միայն 2/3 բաժակ ջուր։ Բուսայուղի մեջ տապակել սոխը և սխտորը, վրան լցնել լոբին, ավելացնել տոմատի մածուկը, համեմել և այս ամենի վրա շաղ տալ մանրեցված ընկույզը, գոլորշու մեջ մի փոքր եփել և կրակն անջատելուց առաջ ավելացնել մանր կտրատած համեմը։
Այն պետք է ունենա մի փոքր մածուցիկ տեսք։