Սփյուռքահայ մեծանուն գրող Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թվականին Պոլսի Օրթագյուղ թաղամասում, Կեսարիայից գաղթած ընտանիքում։ Ընտանիքի հինգերորդ զավակն էր։
Կրթությունը ստացել է ծննդավայրի Ներսեսյան, Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Կեդրոնական վարժարանում ուսումը կիսատ է թողնում և անցնում աշխատանքի Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում՝ որպես հաշվետար։
Երկու տարի հետո, խուսափելով օսմանյան ոստիկանության հետապնդումից, մեկնում է Անգլիա, հետո՝ Ֆրանսիա, որտեղ ապրում է հինգ տարի, ապա տեղափոխվում Համբուրգ, իսկ 1904 թվականից Եգիպտոս, որտեղ ապրում է չորս տարի։
Նա իրեն չի կարողանում գտնել առևտրի ոլորտում և Սիամանթոյին ուղղված նամակում նա խոստովանում է․ «Առանց ուզելու գրեթե բանաստեղծ եմ և առանց կամքի ալ․․․»։ Թեքեյանն իր ծննդավայր վերադառնում է միայն «12 տարի Պոլսեն դուրս» գտնվելուց հետո։
1915 թվականի աղետից բանաստեղծին փրկում է դիպվածը․ 1914 թվականին Պոլսի Ազգայի Ժողովի կողմից ընտրվում է Երուսաղեմի պատրիարքությունում մշտական ներկայացուցիչ և մեկնում Երուսաղեմ՝ պատրիարքարանի հաշիվները մաքրելու։ Հեռանալով Պոլսից՝ նա փրկվեց Եղեռնից։