Բերանում հալվող, փխրուն կաթնաշոռային կարկանդակներ

Ձմեռային այս ցրտաշունչ օրերը ջերմացրեք ընտանիքի անդամներին մեկ բաժակ թեյի հետ մատուցելով այս հրաշք կաթնաշոռով բլիթները։ Անչափ համեղ, բերանում հալվող բլիթները կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Հստակ հետևելով բաղադրատոմսին՝ կստանաք համեղ և փխրուն բլիթներ։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Խմոր

Ալյուր — 260 գ

Շաքարավազ — 90 գ

Ձու — 1 հ․

Թթվասեր — 100 գ

Կարագ — 100 գ

Սոդա — 1\4 թ\գ

Աղ — 1\4 թ\գ

Խճողակ

Շաքարավազ — 20 գ

Ալյուր — 20 գ

Թթվասեր — 1 ճ\գ

Մեկ ձվի սպիտակուց

Կաթնաշոռ — 150 գ

Վանիլ — 1 պտղունց

Խմորը պատրաստելու համար վերցնել սենյակային ջերմաստիճանի կարագը և հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել ձուն, թթվասերը, ալյուրը, աղը և սոդան։ Բոլորը միասին լավ խառնել, հունցել խմոր։ Խճողակը ստանալու համար բոլոր բաղադրամասերը միացնել իրար և լավ խառնել։ Այժմ անհրաժեշտ է պատրաստել բլիթները։ Գրտնակի օգնությամբ խմորից ստանալ տասը սանտիմենտր տրամագծով շրջաններ։

Շրջանի մի մասի վրա դնել խճողակը, մյուս մասով  ծածկել , դասավորել ձևամանի մեջ, վրան քսել ձվի դեղնուց և թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում 10 — 15 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: