Պատրաստեք «Սնիկերս» տորթն առանց թխելու․ անչափ համեղ և յուրահատուկ բաղադրատոմս

Այսօր առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ դեսերտ, որի պատրաստման համարի ջեռոց հարկավոր չի լինի։ Պատրաստեք «Սնիկերս» քաղցրավենիքը յուրահատուկ բաղադրատոմսով և վայելեք այն մտերիմների հետ մեկ բաժակ սուրճի հետ։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Թխվածքաբլիթներ — 330 գ

Կարագ — 190 գ

Շաքարավազ — 50 գ

Սերուցք (33-35%) — 600 մլ

Սնիկերս — 1 հ․

Աղի գետնանուշ — 100 գ

Կաթնային շոկոլադ — 200 գ

Շաքարի փոշի — 50 գ

Մեկ պտղունց աղ

Մանրացնել թխվածքաբլիթները

Շաքարավազը լցնել խորը տարայի մեջ և ցածր կրակի վրա հալեցնել։ Սերուցքն առանձին տարայով դնել կրակին տաքացնել, բայց չեռացնել։ Այնուհետև տաք սերուցքը լցնել հալված շաքարավազի վրա, ավելացնել 10 գրամ կարագ, մեկ պտղունց աղ և  լավ խառնել։ Ստացված կարամելը դնել սառնարանում։ Թխվածքաբլիթները մանրացնել, ավելացնել 180 գրամ կարագը և լավ խառնել։ Ձևամանի հատակը պատրաստել մոմաթղթով (ընտրեք բացվող ձևաման)։ Տրորած թխվածքաբլիթները լավ սեղմել ձևամանի հատակին և պատերին, այնուհետև դնել սառնարանում։

Այդ ժամանակահատվածում թավան դնել ցածր կրակի վրա, լցնել 50 մլ սերուցքը, ապա կարամելը, ավելացնել կտորների վերածած մեկ մեծ սնիկերսը և հալեցնել մինչ կստացվի համասեռ զանգված, լցնել մանրացված աղի գետնանուշը, խառնել և անջատել կրակը։ Այս կարամելը լցնել թխվածքաբլիթի վրա  և 20 րոպեով դնել սառնարանում։ Այդ ընթացքում կաթնային շոկոլադը կտրատել, ապա 200 մլ սերուցքը տաքացնել, բայց չեռացնել և լցնել մանրացված շոկոլադի վրա, խառնել այնքան, մինչ շոկոլադը կհալվի, ապա լցնել կարամելի վրա և դնել սառնարանում ողջ գիշեր։

Առավոտյան 300 մլ սերուցքը շաքարի փոշու հետ հարել այնքան մինչ կստացվի պինդ զանգված(սերուցքը և հարիչը պետք է լինեն սառը․ հարիչի ոտքերը կարելի է նախապես պահել սառնարանում)։ Սերուցքը դնել արդեն պատրաստի տորթի վրա և զարդարել այն գետնանուշով ու սնիկերսի կտորներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: