Առաջարկում ենք պատրաստել համեղ տորթ՝ «Բաունտի»։ Այս նուրբ համով թխվածքը իրական դրախտային հաճույք է պարգևում։
Անհրաժեշտ բաղադրամասեր՝
Կոկոսի գնդիկների համար՝
Կաթնաշոռ — 150 գ
Դեղնուց — 2 հ․
Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Կոկոսի քերուկ — 50 գ
Ալյուր — 20 գ
Խմորի համար՝
Սպիտակուց — 2 հ․
Ձու — 2 հ․
Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Ալյուր — 60 գ
Կակաո — 10 գ
Փխրեցուցիչ — 1 ճ\գ
Ջնարակի համար՝
Շոկոլադե սալիկ — 1 հ․
Կարագ — 5 գ
Կոկոսի քերուկ — 5 գ
Կաթնաշոռը, դեղնուցները, շաքարավազը և կոկոսի քերուկը միախառնել, ապա ավելացնել ալյուրը։ Լավ խառնել և ստացված զանգվածից ձևավորել գնդիկներ և դասավորել ձևամանի մեջ։ Այժմ անհրաժեշտ է անցնել խմորի պատրաստմանը։
Ավելացած սպիտակուցների վրա ավելացնել երկու ձու, շաքարավազ, մեկ պտղունց աղ և հարել այնքան, որ ստանա փրփուրի տեսք։ Ավելացնել մաղով անցկացված ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն։ Այս ամենը հարել գդալով։ Խմորը լցնել պատրաստի գնդիկների վրա և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 30-40 րոպե։
Մինչ տորթի պատրաստ լինելը, կարելի է անցնել ջնարակի պատրաստմանը․ Շոկոլադը կարագի հետ հալեցնել ջրային գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։ Հովացած ջնարակը լցնել պատրաստի տորթի վրա և վրան շաղ տալ կոկոսի քերուկ։