Այսօր Ամենայն Հայոց Բանաստեղծ Թումանյանի ծննդյան օրն է․ հետաքրքրական պատմություններ

Այսօր՝ փետրվարի 19-ին, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1869 թվականին։ Մեծ բանաստեղծի ծննդյան օրվա հետ կապված՝ ցանկանում ենք ներկայացնել հետաքրքրական պատմություններ նրա կյանքից։

Մի անգամ սեղանի շուրջ նստած են լինում Թոմանյանը և Անդրանիկ Օզանյանը և  այլք։ Թումանյանն առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում է, որ քսան տարի առաջ երկու նշանավոր բան է եղել․ Խրիմյան Հայրիկը և իր «Շունն ու կատուն»։

Շարունակելով խոսքը՝ ասում է, որ քսան տարի անց նորից երկու նշանավոր բան կա՝ իր «Շունն ու կատուն» ու Անդրանիկը։

Եվ առաջարկում է խմել  այդ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը։ Թումանյանի այս հումորով ասված կենացին Անդրանիկը պատասխանում է, որ տարիներ կանցնեն ու ո՛չ Թումանյանը կլինի, ո՛չ Անդրանիկը։ Կլինի մեկ նշանավոր բան՝ Թումանյանի «Շունն ու կատուն»։ Խմենք նրա կենացը։

Թումանյանի դուստրը՝ Նվարդը, մի հետաքրքրական պատմություն է ներկայացրել ․ Թումանյանը մի գրապահարան էր հավանել, բայց գումար չուներ, որ գներ(80 ռուբլի արժեր)։ Սակայն, երբ Թումանյանը մի բան ուզում էր, անպայման հասնում էր դրան։

Դուստրը պատմում է, որ այդ երեկո նստեց ու սկսեց թարգմանել «Իլյա Մուրոմեց»-ը, վերջացրեց, տարավ խմբագրություն, գումարը ստացավ և անմիջապես գնաց ու գնեց գրապահարանը։ Եվ այդ գրապահարանը ընտանիքին այդպես էլ անվանում էր՝ «Իլյա Մուրոմեց»։

Понравилась статья? Поделиться с друзьями: