Վերջերս նկատվում է, որ Ամերիկայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները մեծանում են։ Լարված են մասնավորապես այդ երկու երկրների ղեկավարների հարաբերությունները։ Կարծես սկանդալ է հասունանում։
Երեկ Բայդենը լրագրողի հետ զրույցում խոսել է Վլադիմիր Պուտինի մասին և սկանդալային հայտարարություն արել։ Այս ամենի սկիզբը գալիս է այն բանից հետո, որ լուրեր էր տարածվում, թե ՌԴ նախագահը միջամտություններ է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Բայդենը հարցազրույցի ժամանակ ասել է, որ եթե բացահայտվի և այն ամրագրվի որպես փաստ, Պուտինը լավ գիտի դրա հետևանքների մասին և հայտարարել է, որ անձամբ է նրան զգուշացրել։
ԱՄՆ նախագահը նաև պատմել է, որ հունվարի վերջին Պուտինի հետ երկար հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ասել է, որ եթե պարզվի վերոնշյալ կասկածը, ապա Պուտինը պետք է պատրաստ լինի հետևանքները կրելուն։ Բայդենը խոստացել է, որ նա կվճարի դրա համար։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Պուտինին լավ գիտի։
Լրագրողի հարցին․ «Ինչպիսի՞ն Դուք նրան գիտեք, կարծում եք նա մարդասպա՞ն է», Բայդենը պատասխանել է․ «Մմմ, այո»։ Նման պատասխան, թերևս, ոչ ոք չէր սպասում։