«Հեռուստադիտողը հավատաց, որ սեր կա». «Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանը՝ Բեթի-Սարո զույգի սիրվելու, քննադատություններից նեղսրտելու մասին և ոչ միայն

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից ճանաչելի դարձած Անիտա Ավետիսյանը խոսել է իրեն բաժին հասած դերից, հեռուստադիտողի կողմից սիրված լինելուց և շատ այլ հետաքրքրական հարցերի շուրջ։ Անիտան պատմում է, որ ինքն իր խաղի մեջ բավականին  մեծ փոփոխություն է տեսնում, երբ ետ է նայում, նկատում է, թե ինչքան շատ բան է սովորել։

Ժպիտով է հիշում իր առաջին նկարահանումը, երբ փոքր-ինչ վախի զգացում ուներ, սակայն նշում է, որ այդ ամենն արագ անցավ՝ շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի։ Դերասանուհին խոստովանում է, որ իր մասնակցությամբ սերիաները հաճախ էր դիտում, որպեսզի ուղղեր սխալները, իսկ այժմ ժամանակի սղության պատճառով չի հասցնում։

Երիտասարդ դերասանուհին նաև խոսել է իր և Թելման Խաչատրյանի կողմից սերիալում կերտած Բեթի-Սարո զույգի մասին, որը հեռուստադիտողի կողմից անչափ սիրվեց։ Անիտայի խոսքով դա նրանից է, որ կարողացել են հաղթահարել տեսարանի ստեղծման դժվարությունները և այնպես մատուցել, որ հանդիսատեսը հավատա սիրո առկայությանն ու սիրի։

Իսկ տեսարանի բարդությունը՝ ըստ Անիտայի, կայանում է նրանում, որ շատ դժվար է կերտել սեր, երբ այն չկա։ Դերասանուհին նաև ասաց, որ ժամանակ առ ժամանակ հոգնում է հանրային դեմք լինելուց։ Մի սխալ շարժում, մի փոքրիկ վրիպում անմիջապես մեծ պատմություն է դառնում, սակայն , երբ հիշում է նպատակի մասին ու գիտակցում, որ աշխատասիրության ու փորձի արդյունքում կկարողանա կայանալ, ամեն բան ետ է մղվում և սկսում է ադապտացվել այդ ամենին։

Դերասանուհին  նշեց, որ իր հիմնական մասնագիտությունը՝ նկարչությունը, այս պահին մի փոքր պասիվ շրջանում է։ Դերասանուհին նկարել շատ է սիրում և ազատ ժամանակ գնում է իր արվեստի դպրոց և նկարում սաների հետ։ «Շատ եմ սիրում փոքրիկների հետ ժամանակ անցկացնել, նրանց հետ շփումը լցնում է օրս, բարությունը շատ է օգնում, մանավանդ որ այն այսօր շատ քիչ կարելի է հանդիպել»,- ասել է Անիտան։

Понравилась статья? Поделиться с друзьями: