Այսօր՝ ապրիլի քսանչորսին, աշխարհասփյուռ հայությունը սգում է 106 տարի առաջ նահատակված միլիոնուկես հայերի մահը։ Մի շարք պետություններում բարձր պաշտոնյաներ իրենց հայամետ ելույթներում բարձրացրեցին այնպիսի պատմական փաստեր, որոնք մեծ նշանակություն և կարևորություն ունեն յուրաքանչյուր հայի համար։
Այսօր մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի դադարում։ Վաղ առավոտից այցելում են բարձր պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, կուսակցական խմբեր, հասարակ քաղաքացիներ և հասարակության տարաբնույթ ոլորտի ներկայացուցիչներ։
Մարդիկ այցելում են՝ հոգում ունենալով դառը կսկիծ։ Թերևս սա այն օրն է, երբ պատմության մեջ սևով արձանագրած էջերը մտովի թերթում ենք։ Մտովի, որովհետև անգիր ենք արել։
Մտորում ու լռում ենք, քանզի լռությունն առավել խոսուն է և լռության մեջ ամեն բան ասված է։ Անասելի հուզիչ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը, երբ հաշմանդամի սայլակով բարձրանում էին մեր կողքին ապրող հերոսները։
Արցախյան վերջին պատերազմում ստացած վիրավորումը և անդամալույծ լինելը չի խանգարել նրանց ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հարյուր և ավելի տարիներ առաջ զոհված հայրենակիցներին։